Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Մարդու ամենաճիշտ վիճակը մանկական վիճակն է»

«Մարդու ամենաճիշտ վիճակը մանկական վիճակն է»
04.03.2016 | 10:35

«Իրատեսի» հյուրը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆՆ է:

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՌԵԺԻՍՈՐՆ ՈՒ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ
ԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԴԱՇՏԻ ՄԵՋ»


-Պարոն Բաբայան, Դուք մեր կյանքում տեղ գտած ամենասուր խնդիրների արծարծման կիզակետում եք, բայց Ձեր ստեղծագործական մտածումները գլխավորապես ծառայեցնում եք մանուկներին: Դժվար չէ՞ համատեղել այդ երկու երևույթները մեկ անձի ներսում:
-Երբեք ինքս ինձ չեմ տվել այդ հարցը: Պարզապես կարծում եմ, որ Ձեր նշած թե՛ մեկ, թե՛ մյուս ոլորտում պետք է լինել անկեղծ: Երբևէ լսարան չեմ պահանջել՝ այս կամ այն հարցի շուրջ իմ կարծիքն արտահայտելու համար, բայց և երբևէ չեմ հրաժարվել լրագրողների, քաղաքական գործիչների, հանրության առաջ իմ սեփական կարծիքը արտահայտելուց: Ի վերջո, ի՞նչ է նշանակում ներկայացում: Դա ևս սեփական կարծիքը հանրությանը հասցնելու, գեղարվեստական միջոցներով երկխոսություն սահմանելու ձև է: Երեխաներն ընդունում են ամեն ինչ, բացի անկեղծության բացակայությունից, որովհետև երեխաներն իրենք շատ անկեղծ են: Կեղծավորությունը մարդու մեջ մտնում է որոշակի տարիքից հետո, ապրած կյանքի հանրագումարում, և երևի թե մեզ համար ամենադժվար պրոցեսն այդ կեղծավորությունից ազատվելն է: Ոմանց դա հաջողվում է կյանքի վերջում, դրա համար էլ տատիկներն ու պապիկներն այդքան լավ լեզու են գտնում երեխաների հետ: Կյանքի այդ մեծ շրջադարձը կատարելով՝ տարեցները, ի վերջո, գիտակցում են, որ մարդու ամենաճիշտ վիճակը մանկական վիճակն է, և կյանքը մեզ տրվում է երևի թե նրա համար, որ կատարենք այդ շրջադարձն ու գանք մեր նախնական տեսակին, բայց արդեն՝ իմաստնացած:
-Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի խաղացանկում մշտապես գերիշխում են դասական գործերի բեմականացումները: Թումանյանի, Էքզյուպերիի, Գոգոլի, այլոց ասելիքը տեղ եք հասցնում շատ ինքնատիպ լուծումների մեջ: Դա ավելի շատ նպատակ ունի բավարարելու սեփական ստեղծագործական մղումնե՞րը, թե՞ երեխաների համար դյուրամարս դարձնելու դասական խորիմաստ նյութը:
-Անկախ լսարանից, բեմադրվող ստեղծագործությունից՝ բեմադրողի կողմից կատարվող որոշակի փոփոխությունները պարտադիր են: Դասական գործը մինչև դասական դառնալը եղել է ժամանակակից գործ, հետագա ժամանակն է այն դարձրել դասական: Թատրոնը դասական ձև չունի, թատրոնը միշտ փոփոխական է, որովհետև թատերական ստեղծագործությունն ստեղծվում է այս պահին, ապրում այս միջավայրում, այս ժամանակահատվածում, նախատեսված է այս հանդիսատեսի համար: Եվ յուրաքանչյուր նոր ժամանակ պահանջում է նոր ձև, նոր մոտեցում, նոր ասելիք: Այսինքն, թատրոնի հիմնական սկզբունքն է միշտ լինել ժամանակակից: Ես այսօր ինչ-որ բան եմ ուզում ասել հանդիսատեսին, և դասական ստեղծագործությունների մեջ եմ գտնում այդ ասելիքը: Դասական գործը նյութ է՝ լավ իմաստով, այսօրվա ասելիքը տեղ հասցնելու համար: Գրականության դասական օրինակները, որոնք ապրում են դարերով, և թվում է, թե պատմում են ինչ-որ հեռավոր դարաշրջանի ու մարդկանց մասին, իրականում պատմում են մեր մասին, այսօրվա մասին, մեր զգացմունքային դաշտի մասին, մեր մտածողությունների մասին: Այդ երկխոսությունը կայացնելու համար պետք է նաև գտնել այսօրվա արտահայտչամիջոցները: Դասական գրողների գործերը շատ խոր են և չունեն միանշանակ մեկնաբանություն: Հենց դրանով էլ հետաքրքիր են: Ռեժիսուրայի արվեստը առաջին հերթին մեկնաբանություն է: Թատրոն եկող մարդկանց հետաքրքրում է, թե այդ թատրոնն ինչպես է մեկնաբանել այս կամ այն դասական գործը: Եթե մարդն ընդամենը ցանկանա ծանոթանալ որևէ դասական գործի, պարզապես կվերցնի-կընթերցի գիրքը, և իր երևակայությունը կստեղծի այն աշխարհը, որը ենթադրում է տվյալ ստեղծագործությունը: Թատրոն գալու պարագայում մարդը վստահում է ռեժիսորի երևակայությանը, և ռեժիսորի երևակայության մեջ սկսում է խաղալ նաև հանդիսատեսի երևակայությունը: Երկխոսությունը կայանում է միայն այն ժամանակ, երբ ռեժիսորն ու հանդիսատեսն ընկնում են միևնույն դաշտի մեջ, ստեղծագործում են հավասարաչափորեն: Սա է ներկայացման հեղինակի համար լավագույն գնահատականը: Երբ հանդիսատեսը ոչ միայն սպառող է, այլև քեզ հետ միասին ստեղծագործող, քո արած աշխատանքն արժեք ունի: Եթե միայն որպես սպառող են մոտենում քո բեմադրած գործին, ուրեմն գործդ մի քիչ թերի է:

«ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏԱՂԱՆԴԸ ՈՒՐԻՇ ՁԵՎՈՎ ԿԴՐՍԵՎՈՐՎԻ ԻՐ ՀԵՏ ՊԱՏԱՀԱԾ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ»


-Ես մեծ ոգևորությամբ ընդունեցի Վարդան Պետրոսյանի հետ տիկնիկային թատրոնի համագործակցելու առաջարկի մասին լուրը: Բայց երկար ժամանակ է անցել, և որևէ քայլ արված չէ, ինչո՞ւ:
-Դա առաջարկություն էր մեր կողմից, որովհետև մենք Վարդան Պետրոսյանի հետ համագործակցության պատմություն արդեն ունեինք. տիկնիկային թատրոնում միասին բեմադրել էինք «Ցմահ բանտարկյալները» մոնոներկայացումը` 2004 թվականին: Բայց միայն մենք չենք նման առաջարկություն արել: Կարծում եմ՝ շատերն էին ցանկանում ինչ-որ ձևով օժանդակել Վարդանին: Ինքը՝ Վարդանը, ընտրեց իր համար ամենահարմար տարբերակը, որն առաջարկել էր «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը: Ամեն դեպքում, մեր առաջարկությունը մնում է ուժի մեջ: Մարդկայնորեն միանգամայն բացատրելի է Վարդանի ընտրությունը, որովհետև եթե անգամ նա առավոտյան դուրս է գալիս, գնում աշխատանքի, երեկոյան, միևնույն է, վերադառնում է կալանավայր: Միևնույն է, նա կալանավորված է, թեև՝ մի քիչ ուրիշ ռեժիմի մեջ: Ես կարծում եմ՝ նա կսպասի, մինչև լիովին ավարտվի այդ ընթացքը, նա նաև հոգեբանորեն կարիք ունի որոշակի պատնեշ հաղթահարելու և կատարվածից հետո մի քիչ ուրիշ որակով է դուրս գալու բեմ: Բերեմ Դոստոևսկու օրինակը. Դոստոևսկին մինչև բանտ նստելը և Դոստոևսկին բանտից հետո լրիվ տարբեր Դոստոևսկիներ են: Կարծում եմ` Վարդան Պետրոսյանի տաղանդը ուրիշ ձևով կդրսևորվի իր հետ պատահած դժբախտությունից հետո: Այդպես է կյանքը. դժբախտություններն էլ են մեր «հարստությունը»:

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԵՎ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է, ՔԱՆ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ»


-2008 թվականին հիմնադրել եք «Թատրոն X» փառատոնը: Սա, իհարկե, ենթադրում է թատերական տարբեր խմբերի միջև փոխազդեցության, նոր փորձի յուրացման հանգամանք: Այս տարիներին նկատե՞լ եք այդ շփումների իրեղեն դրսևորումները մեր թատրոններում:
-Փառատոնի հիմնական խնդիրը հանդիսատես-թատրոն կապի վերականգնումն է, այդ հարաբերությունները ճիշտ հարթակի վրա դնելը, որպեսզի հանդիսատեսը չմնա զուտ իբրև սպառող: Փառատոնի ձևաչափը պահանջում է ներկայացումից հետո քննարկման ծավալում: Քննարկում՝ ոչ միայն մասնագետների, այլև հանդիսատեսի հետ: Հիշում եմ, թե առաջին տարիներին ինչքան դժվար էր ընթանում այդ քննարկումը, այդ խոսակցությունը, և ինչքան հեշտ ու բաց է դա լինում այսօր: Ինձ համար շատ կարևոր է, որովհետև արվեստը և թատրոնը նախ և առաջ չեն կարող ընկալվել հասարակությունից դուրս: Ես բացարձակապես կողմնակից չեմ «Արվեստը հանուն արվեստի» թեզին: Արվեստը պետք է արձագանքի հասարակությանը հուզող հարցերին, բայց պետք է արձագանքի արվեստի լեզվով: Եթե զբաղված ես ստեղծագործությամբ, և այդ ստեղծագործությունը ներկայացվում է հանրության դատին, նշանակում է, որ քեզ ինչ-որ բան հուզում է, և դու ուզում ես կիսվել քո ոլորտի լեզվով: Դու ուզում ես լսված լինել, հասկացված լինել: Եվ ուզում ես զգալ արձագանքը, որպեսզի հասկանաս, թե ինչքան ես ճիշտ կամ սխալ: Երբ հանդիսատեսը ներկայացումից հետո սկսում է խոսել իր տպավորության, իր զգացածի մասին, դրան պետք է հարգանքով վերաբերվել՝ անկախ նրանից՝ դա քեզ դո՞ւր է գալիս, թե՞ ոչ: Դա նաև հնարավորություն է տալիս մշակելու երկխոսության կուլտուրա: Մենք պարտավոր ենք իրար լսել կարողանալ: Մենք պիտի հասկանանք, որ երկխոսությունը շատ և շատ ավելի արդյունավետ է, քան մենախոսությունը: Եվ պետք է հասկանանք, որ մեր կյանքը շատ և շատ տխուր կլիներ, եթե մենք բոլորս մտածեինք միևնույն ձևով: Անվերջ հայելու առաջ կանգնել և տեսնել միայն սեփական դեմքը այնքան էլ արդյունավետ բան չէ: Այն հասարակությունն է երջանիկ, որն ընկալում է, որ իր մեջ եղած շերտերը շատ տարբեր են, բայց կարողանում են գտնել իրար միացնող եզրերը: Իսկ իրար միացնող եզրերը կարելի է գտնել միայն այն ժամանակ, երբ բաց զրույց ենք տանում միմյանց հետ: Կարող են կարծիքները տարբեր լինել, բայց սա ոչ թե դժբախտություն է, այլ երջանկություն: Մենք հաճախակի աղավաղում ենք Եղիշե Չարենցի խոսքը. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Հաճախ «հավաքական» բառի փոխարեն ասվում է «միասնական»: Չարենցը հանճարեղ պոետ է: Ամեն մի բառը ոսկու արժեք ունի: Երբ նա օգտագործում է «հավաքական» բառը, այս խոսքը լրիվ ուրիշ իմաստ է ստանում: Միասնականը նշանակում է, որ բոլորը միասին են, իսկ հավաքականը նշանակում է, որ բոլորը տարբեր են, բայց հավաքվում են մի ընդհանուր գաղափարի շուրջ: Սա շատ կարևոր է: Բռունցքը հինգ տարբեր մատներից է կազմված: Բայց այն բռունցք է, ուժ է:
-Դասախոս-ուսանող հարաբերություններում Ձեզ համար որոշի՞չ է իր ապրած ժամանակի հանդեպ ուսանողի իներտ կամ ակտիվ լինելու պարագան:
-Չէ՛, ես փորձում եմ տարանջատել քաղաքացիական որակների և գիտելիքների գնահատականները: Մենք մասնագիտությանը մեկ-մեկ մատների արանքով ենք նայում: Հաճախակի մեր բուհի դասախոսներից լսում ենք. «Կարևորը՝ մարդ մեծանան»: Նախ, ո՞վ է իրավունք տվել, որ ինչ-որ մեկը տա մեկ ուրիշի մարդկային որակավորումը: Եթե դա անում ես, ուրեմն համարում ես, որ ինքդ՝ որպես մարդ, կայացել ես: Այնինչ, այս կյանքը մեզ տրված է, որպեսզի մշտապես պայքարենք ինքներս մեր մեջ, ինքներս մեզ հետ, փորձենք ինքներս մեզ կատարելագործել: Երբ փորձում ես ինքդ քեզ կատարյալ դարձնել, հասկանում ես, որ շատ քիչ ժամանակ ունես ուրիշի կատարելությամբ զբաղվելու համար. այնքա՜ն աշխատելու տեղ ունես քեզ վրա: ՈՒսանողների հետ աշխատելը շատ հետաքրքիր է, նրանց միջոցով իսկապես զգում ես ժամանակի զարկերակը: Եվ մենք երկուստեք հարստանալու և սովորելու շատ բան ունենք միմյանցից: Ով զբաղվում է մանկավարժությամբ, դասախոսական աշխատանքով, պետք է մշտապես պատրաստ լինի սովորելու: Հենց դադարեցնում ես այդ պրոցեսը և զբաղվում ես միայն սովորեցնելով, արդեն մեռած ես՝ որպես մանկավարժ և դասախոս: Այդ ժամանակ դու հետաքրքիր չես, քեզնից օգուտ չկա: Պետք է պատրաստվես յուրաքանչյուր դասից առաջ, պետք է իրազեկ լինես բոլոր նորություններին, ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններին, որ կարողանաս միևնույն լեզվով խոսել երիտասարդների հետ: Կյանքն ընդհանրապես դաժան բան է: Առավել ևս՝ արվեստը և կրթությունը: Այստեղ հետ մնալ չի կարելի: Սրանք ամենաարագ փոփոխվող ոլորտներն են: Ֆինլանդիան, որն այդքան զարգացած կրթական համակարգ ունի, ամեն տարի փոփոխություններ է մտցնում, արմատակա՛ն փոփոխություններ: Կարծես կարող էին բավարարվել ունեցածով, բայց՝ ոչ: Նրանք հասկանում են, որ եթե մեկ օր տարվեցին սեփական անձով գոհանալու հատկությամբ, անհուսալիորեն հետ կմնան: ՈՒսանողները հարգում են այն դասախոսին, ով մասնագիտական առումով անաչառ է իրենց հանդեպ: Հենց որ մեջտեղ է գալիս մեկ այլ հանգամանք (մարդկային, ընտանեկան, հասարակական-քաղաքական), որը տալիս է հնարավորություն ավելի մեղմ վերաբերվելու որևէ ուսանողի, դասախոսը միանշանակ կորցնում է հարգանքը ուսանողի աչքում:
(շարունակելի)


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ